Դեղաբույսեր

Դեղաբույսերը մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ են: Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով: ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ: ՀՀ-ում առավել տարածված դեղաբույսերից են։

Ազնվամորի (անտառամորի, մոռենի). վայրի կիսաթուփ է, աճում է  անտառների բացատներում, ձորեզրերին: Մշակվում է պարտեզներում, պուրակներում: Բուժիչ նպատակով օգտագործում են պտուղները, մասամբ՝ տերևներն ու ծաղիկները: Ունի քրտնաբեր, ջերմիջեցնող, կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություններ:

Անանուխ (դաղձ). բազմամյա, կոճղարմատավոր վայրի կամ մշակովի խոտաբույս է: Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

Եղեսպակ դեղատու. մշակովի բույս է: Տերևները հավաքում են ծաղկումից անմիջապես հետո, որոնցից ստացված պատրաստուկներն օգտագործվում են որպես հակաբորբոքային, ախտահանող միջոց բերանի խոռոչի և վերին շնչուղիների լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակ: Թարմ տերևներն ունեն մանրէասպան հատկություն:

Մասրենի. վայրի և մշակովի բույս է: Աճում է ամենուրեք՝ անտառների բացատներում, գետահովիտներում, լեռնալանջերին: Պտուղները հարուստ են վիտամիններով: Պտուղների եփուկն օգտագործվում է որպես վիտամինային և մարսողությունը լավացնող, իսկ պատրաստուկները՝ լյարդի, լեղապարկի և միզաքարային հիվանդությունների ժամանակ՝ որպես հակաբորբոքային, ինչպես նաև արյունաստեղծ համակարգը խթանող միջոց:

Առյուծագի. բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք, նաև մշակվում է: Բուժման նպատակով օգտագործում են տերևները և ընձյուղների գագաթները: Պատրաստուկներն ունեն կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, զարկերակային ճնշումն իջեցնող և քնաբեր հատկություններ:

Արյունխմիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառների բացատներում: Բուժիչ նշանակություն ունեն արմատներն ու կոճղարմատները, որոնցից ստացվող պատրաստուկները տտիպ են և օժտված են հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող հատկություններով:

Եզան լեզու մեծ. բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:

ප්‍රතිචාරයක් ලබාදෙන්න

ඔබගේ ඊමේල් ලිපිනය ප්‍රසිද්ධ කරන්නේ නැත. අත්‍යාවශ්‍යයය ක්ෂේත්‍ර සලකුණු කොට ඇත *