Անուների բառարան

Ալեքսանդր – հուն․ նշանակում է <այրերին հաղթող> կամ <մարդկանց օգնական>․հանդիպում է նաեվ ԱլեքսիանոսԱլեքՍանդոՍաչա ձեվերով:

Աբգար – ասոր. նշանակում է <ավագ այր>: (Աբգարը Հայոց առաջին թագաորն էր , ով Հիսուսին որպես Աստծո որդի եվ ճշմարիտ Աստված ընդունեց: Նույնիսկ Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ կա Աբգար թագավորի նամակը ուղղված Հիսուսին։

Ադամ – եբր. նշանակում է <երկրային>, <հողեղեն մարդ> կամ <շիկահողից շինված>:

Արամ – հայկ․ Արա Գեղեցիկի հոր անունն է, նշանակում է <վսեմություն>, <ողորմած> կամ <հանդարտաբարո>․

Ալինա – հուն. նշանակում է <անմատչելի գեղեցկություն>, <անմերձենելի> կամ <անորսալի>:

Արինա (Արիաննա) – հուն. նշանակում է <խաղաղություն>:

Կամո – հայկ. հայտնի հեղափոխական ու Լենինի գործակից, վրացահայ Կամոյի (Արշակ Տեր պետրոսյանի) անունով է:

Կարապետ – հայկ. կարապետ բառից, որ նշանակում է <առաջընթաց>,<նախագուշակ>, <առաջնորդ> կամ <ռահվիրա>: (Հիսուսին հորդանան գետում մկրտող Հովհանես Մկրտչի յոթ անուններից մեկն է): Կրճատ ձեվով Կարո:

Կարեն – պարս. նշանակում է <քաջ զինվոր>: ըստ այլ նշանակության <առատաձեռն> կամ <մեծահոգի>:

Սյուզաննա – Սյուզի եվ Աննա անունների համադրումից առաջացած իգական անուն է:

Գագիկ – ասոր․ նշանակում է <երկնային> կամ բարձրունք>

Լեոնիդ – ռուս. նշանակում է <առյուծի ձագ> կամ <կորյուն>:

ՊՈՒՃՈՒՐ ՄԱՐԴԸ / Գրիգ

Նոյեմբերի հինգն էր` առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին` գետինը դարձնելով սայթաքուն: Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ` գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված, անշտապ քայլում էի,  գրեթե հասել էի վերնիսաժին, երբ  մայթից քիչ հեռու` ծառերի տակ շարված երեք-չորս փոքր կտավ տեսա:  Մոտեցա, նայեցի` բոլոր նկարներում  ամպեր էին:  Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի, երբ մոտեցավ մի ցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով` հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի` այդ մարդը սովորական անտուն է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց` նկարների հեղինակն է:
– Ձե՞ր գործերն են,- հարցրի:
– Այո, իմն են,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին` ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տե­ր­և­ները: Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի, ասես փորձելով ճշտել նրա ասածը: Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր Պուճուր մարդը, նրա հագուստի ու ձեռքերի վրա  ներկերի հետքեր կային:
– Ինչքանո՞վ եք ծախում,- հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալու գնել, որովհետև  ընդամենը երկու հազար դրամ ունեի ու մի քանի մանրադրամ:
– Քսան հազարով կտամ,- պատասխանեց Պուճուր մարդը:
– Ա…, դուք վաղն է՞լ եք էստեղ լինելու,- ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով` հարցրի,- հիմա մոտս էդքան փող չկա:
– Հա էստեղ եմ լինելու,- մի փոքր տխրած` պատասխանեց Պուճուր մարդը,- բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը, իսկ փողը վաղը կբերեք կամ մի ուրիշ օր:
Ինձ զարմացնում էր տղամարդու կիրթ ու գրագետ խոսքը, ես էլ հնարավորինս գրագետ խոսեցի.
– Չէ, մերսի, վաղը հաստատ կգամ,- ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի` անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլ ցանկանայի: Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին,  տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի` ծխեց: Ես դարձյալ նայեցի կտավներին ու շարունակեցի ճանապարհս:  Մի քանի շաբաթ էր անցել,  ես իհարկե խոստումս չպահեցի` չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:
Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ (Կոմիտասում`  հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձրել այդտեղով անցնելը)  և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդն այնտեղ է: Մտածեցի` ինձ չի հիշի ու որոշեցի անցնել, մի անգամ էլ նայել կտավներին: Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր,  մի հայացք գցելով` արագ անցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ, Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել` կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո տղամարդը ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, պար­զապես բարևեց, ու վերջ:
-Հեսա գալիս եմ,-շփոթված ասացի տհաճ  դադարից հետո,- չգնաք, լա՞վ,- ու շտապեցի տուն: Որոշել էի ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը, որում հայտնվել էի, սպանում էր ինձ, տղամարդու պահվածքը ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր: Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր:  Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանում, որոշեցի, որ դա հիմա կտամ, մնացած գումարն էլ` ժամանակի ընթացքում: Այդպես էլ արեցի, Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
– Ինչի, բոլորն էլ նույնը չե՞ն,- ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
– Ինչպե՞ս թե…,- շփոթվեց Պուճուր մարդը,- տեսե՛ք, այս ամպերը տխուր մարդու ամպեր են, իսկ այս մեկը` սոված մարդու…
Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը` սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպեր:
– Ես մի բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի,- բոլոր կտավներին պարզ ու ջինջ ամպեր են նկարված, բայց դուք տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի` հա:
– Բայց այսօրվա ամպերը ուրախ են,- նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտաց Պուճուր մարդը:
Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա:
– Լավ, կվերցնեմ «մենակ մարդու ամպերը»,- ծիծաղելով ասացի,- բայց չեմ հիշում դա ո՞ր մեկն էր:
Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարը խնդրեցի, նա ասաց, որ դրա կարիքը չկա, որ այսուհետև  ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ: Խիղճս հանգիստ` գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել,  թվում էր, թե ամպերն ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի` հույս ունենալով,  որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն: Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ` ավելին: Ու ես այդ հազարանոցները ամեն օր, տուն վերադառնալիս, տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում,  կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր` կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ,  հաճախ կանգնում էի հետը ու զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում` ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբում աննշան, հասարակ է  թվում, սակայն ժամանակի ընթացքում ներսումդ հասունանում ու մտածելու առիթ է տալիս: Մի օր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյո՞ք հավատում է Աստծուն:
– Ես Աստծո կամքով աթեիստ եմ,- պատասխանեց Պուճուր մարդը: – Դե ես Աստծո գոյությանը չեմ հավատում,- ասաց, երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը,- բայց հավատում եմ, որ Աստծո կամքով է իմ անհավատ լինելը:
Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մոտ երկու շաբաթ կլիներ, որ Պուճուր մարդը այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի երկու կտավ էր վաճառել:  Պարտքս  գրեթե տվել էի, հազար, կամ երկու հազար դրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մի նկար,որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից` նույն ամպերն էին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:
-Նոր կտավ ա՞,- հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը` կատակի համար ավելացրի,-էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված, չէ՞:
-Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,- ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը:
Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:
-Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,- ժպտալով վրա բերեց:
Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան այլևս չտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից  դեռ չէի պրծել, բայց չեկավ: Դեկտեմբերի տասնինն էր, երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու, աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա, որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա, որ մի տարեց տղամարդ` ձեռքին մի կտավ, ցանկանում է անցնել փողոցը:  Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլ շտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի` երևի անպետք նկար է, կամ էլ` մաքուր կտավ, ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, հեռվում նկատեցի, որ մի կին է քայլում երեխայի հետ ու դարձյալ ձեռքին կտավ էր:  Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց խումբը` որը շրջան էր կազմել և գնալով մեծանում էր: Քայլերս ուղղեցի այդ կողմ: Դեռ չէի հասել, երբ հանկարծ ամբոխը ետ քաշվեց ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ  փաթիլներն ընկնեն գետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
-Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:
Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:
-Բոլորը ձե՛զ,- բղավեց նա ու հիմա էլ վերնաշապիկը հանելով` նետեց ամբոխի վրա, մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը, մերկ էր և համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն: Հետո իմացա, որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադա կամրջի տակ, իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում, ասում էին` իբր իր բոլոր կտավները նվիրել է  պատահած մարդկանց ու հետո խելագարվել: Ոմանք էլ ասում էին` ոչ թե նվիրել,այլ հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն:
Կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց և որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին` ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում են, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս:

ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ / ԳՐԻԳ

Ես հինգ կամ վեցերորդ դասարանի աշակերտ էի, երբ մասնակից եղա այս պատմությանը: Դասղեկը և աղջիկները դասարանում չէին, տղաները խմբվել էին նստարաններից մեկի մոտ, ծիծաղում էին: Պարզելու համար, թե ինչն է նրանց զվարճացրել, մոտեցա և խմբի կենտրոնում տեսա Նարեկին, որը շոյում էր կիսաբաց պայուսակից վախվորած նայող մոխրագույն կատվին:
– Ի՞նչ է եղել,- հարցրի ոգևորված:
– Նարեկին խաբել, վրան կատու են ծախել,- պատասխանեց Տիգրանը, որի աչքերը շատ ծիծաղելուց արցունքոտվել, վարդագույն էին դարձել:
– Ինձ չե՛ն խաբել,- ասաց Նարեկը:
– Ով գիտի աղբանոցից են գտել,- շարունակեցՏիգրանը,- ասել են՝ իբր Հիսուսի կատուն է, հավատացել է:
– Չե՛ն խաբել, ինձ չե՛ն խաբել, կատվի էդպիսի տեսակ կա՛, շատ հազվադեպ պատահող տեսակ է, անունն էլ Հիսուսի կատու է, որովհետև չի սուզվում, ջրի վրայով քայլել է կարողանում,- աչքերը արագ-արագ թարթելով՝ նորից խոսեց:
Ծիծաղի նոր ալիք բարձրացավ: Դեռ լավ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, սակայն համատարած ծիծաղը վարակիչ էր:
– Վաճառողն է էդպես ասել, չէ՞,- վրա բերեց Կարենը: – Դդում ես, էլի:
-…
-…
Նա շարունակ շոյում էր կատվին ու պնդում, որ իրեն չեն խաբել, որ կատվի այդ տեսակը իրոք կարող է ջրի վրայով քայլել: Բանը հասավ այնտեղ, որ Նարեկն ու Կարենը քիչ էր մնում ծեծեին իրար. երբ Կարենը ձեռքը երկարեց կատվին, Նարեկը թույլ չտվեց դիպչել, միմյանց օձիք բռնեցին, բաժանեցինք:
-Գի՛ժ, պատռեցիր,- օձիքը շոշափելով՝ բղավում էր Կարենը, այտերն արցունքոտվել էին:-Գի՛ժ ես:
Նարեկը ձայն չէր հանում, գլուխը կախ շոյում էր կատվին, ասես ոչինչ չէր եղել:
– Տե՛ս, Ճվճվիկը դռան մոտ է,- շրջվելով դեպի Գրիգորը՝ ասաց Կարենը, կանաչ աչքերը փայլում էին զայրույթից:
Ճվճվիկը ընկեր Ադիբեկյանն էր` ուսմասվարներից մեկը: Մականունը ստացել էր ականջ ծակող սուր ձայնի և հաճախ բղավելու սովորության համար: Դասամիջոցներին կանգնում էր դպրոցի կենտրոնական մուտքի առջև, հսկում, որ աշակերտները չփախչեն:
– Դռան մոտ է,- վերադառնալով ասաց Գրիգորը:
– Զուգարանի պատուհանից կփախչենք,- վճռեց Կարենն ու նայելով Նարեկին` ավելացրեց.- Դու էլ ես գալիս:
Երբ թեքվեցինք դեպի ձորը տանող ճանապարհը, նոր միայն կռահեցի, թե ինչ կա Կարենի մտքին: Ինչ-որ բան հուշում էր ինձ, որ պետք է վերադառնալ, չէի ցանկանում մասնակից լինել այն բանին, ինչ քիչ հետո էր լինելու, բայց նաև հետաքրքրությունը մեծ էր, հետո ճանապարհի կեսից ետ կանգնելն էլ անհարմար էր, ի՞նչ կմտածեին տղաները: Քայլում էի ու նայում դեղին պայուսակը երկու ձեռքով կրծքին սեղմած Նարեկին, իսկ մտապատկերումս նրա մոր խեղճացած ձեռքերն էին…
Ամեն ամսվա վերջին, երբ դասղեկի սեղանին ցելոֆանե անթափանց տոպրակ էր հայտնվում, պարզ էր, որ Նարեկի մայրն է եկել: Ոչ մի տոն բաց չէր թողնում իր շնորհակալությունը հայտնելու դասղեկին, իսկ վերջինս իր գործը լավ գիտեր. ժամանակ առ ժամանակ դասամիջոցներին խնդրում էր Նարեկին դուրս գալ և դասարանին ասում էր.
– Երբ դասի ժամանակ կանգնում է նստած տեղից, քայլում դասարանում կամ այլ տարօրինակություն անում, ուշադրություն մի՛ դարձրեք, մի՛ նկատեք նրան… մեր Նարեկը խնդիր ունի նյարդերի հետ, բուժվում է, ժամանակավոր բաներ են, ոչ մի լուրջ բան… մենք պետք է օգնենք նրան, երբ ծիծաղում եք, արձագանքում յուրաքանչյուր շարժմանը, ավելի եք ոգևորում, մի՛ նկատեք:
Իսկ վերջում ավելացնելով «Մեր խոսակցության մասին ոչ մի խոսք նրա մոտ», գնում էր:
Այսպես, առաջին դասարանից նրա մայրը գալիս էր, անհատապես շնորհակալություն հայտնում բոլոր ուսուցիչներին, իսկ ես նայում էի ձեռքերի դուրս ցցված երակներին, որ ծառի հողոտ արմատներ էին հիշեցնում ու տխրում: Ի՞նչ կար այդ ձեռքերում, ի՞նչն էր այդպես գրավել… Մեր կյանքի առաջին սեպտեմբերի մեկին բոլորս ճերմակ հագնված, մի մարդու նման կանգնած էինք դպրոցի հրապարակում, դասղեկը, որի հետ նոր էինք ծանոթացել, հորդորում էր լուռ մնալ, տնօրենը ճառ էր ասում: Ոչ ոք չէր լսում, թե ինչ է ասում տնօրենը, կամ գուցե լսում էին, հիշում եմ` իմ հայացքը սառել էր Տիգրանի մուգ մանուշակագույն պիջակին, միայն նա էր տարբերվում բոլորից, ասես սև աղավնի լիներ սպիտակների մեջ: Մինչ տարված էի պիջակի ոսկեջրած կոճակներով, մի նիհար կին, որդու ձեռքը բռնած մոտեցավ մեզ. նրանք էին: Առաջին իսկ հանդիպման ժամանակ ձեռքերը չվրիպեցին աչքիցս, դուրս ցցված երակները իսկույն գրավեցին ուշադրությունս, ինչ-որ տխուր բան կար այդ ամենի մեջ…
Տիգրանն ու Կարենը առջևից էին գնում, տաք քամին երկրորդ անգամ սահեց քրտնած ծոծրակիս վրայով, և նոր միայն ինքս ինձ բռնեցրի, որ տագնապով ոտքերիս տակ եմ նայում` փորձելով կանխազգալ դարանակալ օձի հարձակումը: Ասում էին` անցյալ տարի, երբ տոթ օրը կախված է եղել ձորի վրա, և տաք քարերից լռություն է բարձրացել երկինք, զարմանալի գեղեցիկ օձը խայթել է տղային: Նա ձեռքը երկարել է՝ փորձելով որսալ օձին, բայց օձը խայթել է: Այդ օրը ոչ ոք չի եղել ձորում՝ բացի տղաներից, մինչև դուրս են բերել վիրավոր ընկերոջը, տղայի մազերը ամբողջությամբ սպիտակել են: Թույնի ազդեցությունից են սպիտակել, օրգանիզմը պայքարել է, բախտը բերել՝ ողջ է մնացել…
Իջնում էինք զառիվայր ճանապարհով, մանրահատիկ խճաքարը փախչում էր մեր ոտքերի տակից, աչքերիս առաջ սպիտակած մազերով տղան էր, ամեն օր տեսնում էի դպրոցի միջանցքում, մի դասարան բարձր էր ինձնից, այլևս ձոր չի իջնում, երբեք չի իջնելու…
– Հաստատ անձրև է գալու,- ասաց Գրիգորը:
– Ի՞նչ գիտես:
– Թևս մզմզում է, երբ ինչ-որ տեղդ կոտրված է լինում, զգում ես, թե երբ է անձրև գալու, կոտրված տեղը անձրևից առաջ զգացնում է: Հիմա թևս մզմզում է:
– …
– …
– …
– Կարո՞ղ է ճիշտ է ասում ու կատվի այդ տեսակը իրոք կա,- միայն ինձ լսելի հարցրեց…
Գրիգորը այլևս հարցեր չտվեց, ամբողջ ճանապարհին կոտրված թևի և սպասվող անձրևի մասին խոսեց, չէի լսում, բառերը կորչում էին օդում, ուշադրությունս ուղղված էր մոտակայքում թաքնված օձին, վախենում էի: Երբ հասանք գետի մոտ, ջուրը լույսի անդրադարձմամբ աչքով էր անում ինձ, ինչ-որ բան նորից հուշում էր, որ պետք է վերադառնալ, չէի ցանկանում մասնակից լինել այն բանին, ինչ քիչ հետո էր լինելու, բայց մնացի…
– Քեզ չեն խաբել, չէ՞, դե որ չեն խաբել, կատվին ջու՛րը նետիր,-ասաց Կարենը,- թող քայլի ջրի վրայով:
Նարեկը ձայն չէր հանում, նայում էր նրան ու աչքերը թարթում:
– Չե՞ս լսում, խո՞ւլ ես, ասում եմ՝ ջու՛րը նետիր…
Հետո ամեն ինչ արագ կատարվեց, թե ինչպես Կարենը ձեռքը տարավ պայուսակին և ինչպես այն հայտնվեց գետում, իմ աչքի առաջ է եղել: Պայուսակը լողում էր արծաթագույն մակերեսին, սուզվում-բարձրանում՝ կարծես փորձելով կառչել որևէ քարից, բայց ջրի հոսքը արագ էր, շատ արագ: Մի պահ Նարեկը անշարժ, հիպնոսացածի նման նայում էր հեռացող պայուսակին ու ոչինչ չէր անում: Գուցե չէր հավատում, որ իր մոտ չէ, որ մատները այդպես հեշտ, առանց դիմադրության կարող էին հանձնել ուրիշին: Գիտեր, զգում էր՝ դիմադրություն է եղել, մատները չէին հանձնվել, մատները մրմռում էին, ծակծկոցներ էր զգում ափի մեջ ու ոչինչ չէր անում… Գուցե լավ էլ հասկանում էր, թե ինչ է կատարվում, պարզապես ինչ-որ բանի էր սպասում, նայում էր ու սպասում…
Երբ պայուսակը դեղին կետ դառնալու չափ հեռացել էր տեսադաշտից, նա սթափվեց, ասես ցրվեց շուրջը խտացող մշուշը և արցունքն աչքերին շտապեց պայուսակի ետևից: Նայում էի` ինչպես էր Նարեկը վազում գետի եզրով, իսկ աչքերիս առաջ ծառի հողոտ արմատներ հիշեցնող երակներն էին, ավելի հողոտ, ավելի ընդգծված էին թվում…
Երեկ առավոտյան, երբ մտքովս անցել էր եկեղեցի գնալ, զարմանալի հանդիպում եղավ: Նարեկը կանգնած էր իմ դիմաց` մինչև կոշիկները հասնող եկեղեցական սև զգեստը հագին: Նայում էի` չկարողանալով կտրել հայացքս, տարիներ էին անցել, ոչինչ չէր մնացել իմ ճանաչած Նարեկից. բարձրահասակ էր, նեղ ոսպնյակներով ակնոցն ու թավ մորուքը ծածկել էին դիմագծերը, չէի ճանաչի, եթե ինքը չճանաչեր, չմոտենար ինձ: Ձորում պատահածից հետո ոչ ոք չտեսավ նրան, այլևս չեկավ դասի, ասում էին` մայրը այլ դպրոց է տարել… Մեր կարճ խոսակցության ընթացքում հասցրի պատմել, որ գրող եմ, պատմվածքներ եմ գրում, չեմ հիշում էլ ինչ եմ ասել, հիշում եմ`անընդհատ կրկնում էի, թե որքան լավ է իր հետ զրուցելը, շնորհակալություն էի հայտնում: Ժպտում էր, զարմանում, թե ինչու եմ շնորհակալություն հայտնում, իսկ այդ պահին ասես մեծ բեռ էր ընկել ուսերիցս, և ես իրոք շնորհակալ էի նրան:

Պարտուսի գերին։ Վանո Սիրադեղյան

Պատմությունը մի տղայի մասին էր, որ արդեն որերորդ տարին էր մնացել էր նույն դասարանում։ Բոլորը սպասում էին, թե երբ է վերջապես նրա պարտադիր կրթության տարիքն անցնելու, որպեսզի նա գնա դպրոցից։ Նա բոլոր առարկաներից միայն երկուս ես ստանում, եւ միայն «Աշխատանքի ուսուցում»ն էր, որ հինգ էր։ Նա նորոգում էր դպրոցի կահույքը, քանի որ շատ լավ էր այդ գործից։ Հենդոն շատ էր ձանձրանում դասերի ընթացքում, երբ դրսում անձրեւ էր, նա դասին քնում էր, իսկ երբ ավելի պարզկա եղանակ էր, 5-10 րոպեն մեկ վեր էր կենում ճմլկոտում ։ Միայն մի ուսուցիչ կար, որ նրան ոչ թե Հենդո, այլ Հենրիխ էր ասում եւ, դա շատ էր դուր գալիս նրան։ Մի անգամ , երբ քառորդ էին փակում, ուսուցչուհին ասաց, որ նրա «Աշխատանքի ուսուցում»ը նույնպես երկուս է։ Այդ ժամանակ Հենդոն շատ զայրացավ, անգամ իր իսկ պատրաստած աթոռները ջարդեց եւ դուրս վազեց դասարանից։ Այստեղ ես իրոք շատ եմ խղճում Հենդոյին, քանի որ նա այդքան տանջվել էր, բայց ոչ ոք չգնահատեց դա։ Նա այդքան տարի դպրոց էր գնում եւ հանդուրժում էր այդ ամենը միայն իր մոր համար, բայց այն ժամանակ, երբ սկսեցին նույնիսկ իր տաղանդը չգնահատել նա այլեւս չդիմացավ։ Այո, իհարկե այս պարագայում Հենդոն նույնպես մեղավոր էր, բայց իմ կարծիքով ուսուցիչները պետք է գնահատեին այն ամենը, ինչ նա արել էր, եւ այդպես չվարվեին նրա հետ։

Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։֊Դե տեղդ կանգնի․․․Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտույտ արեց օղակի ներսում եւ մի քանիսը վայնասունով մեր քաշեցին։

Ա․ Իսահակյան

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,- 

-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

Իմ մասին

Բարև։ Ես Ալինան եմ։ Ծնվել եմ 2006 թականին, հուլիսի 3-ին , 15 տարեկան եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում։ 10-րդ դասարանում։ Ծնվել և մեծացել եմ Հայաստանում: Սովորել եմ  <<Չեխով>>-ի անվան, համար 55 դպրոցում : Առարկաներից սիրել եմ հանրահաշիվը, առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան: Հաճախել եմ պարի դասընթացների, սակայն հանգամանքների բերումով դուրս եկա և չավարտեցի: Նաև հաճախել եմ լողի: Շատ եմ սիրում երգել, բայց ծնողներս դեմ եղան իմ երգելուն: Չեմ սիրում խոսել իմ մասին, բայց կասեմ,որ բնավորությամբ շատ ընկերասեր եմ և միևնույն ժամանակ կարող եմ կոպիտ լինել։ Սիրում եմ զբաղվել նկարչությամբ, ֆիլմեր դիտել, զբոսնել։ Սիրում եմ ճապոնական ուտեստներ։ Շատ եմ սիրում ուտել սուշի։Ատում եմ սուտը: Կարծում եմ, որ ամեն ինչի անկեղծն ու բնականն է գեղեցիկ: Մի խոսքով` մարդ եմ, ունեմ թերություններ ու առավելություններ, ինչպես բոլորը։